Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կապադովկյան հայրերը և ոչ ուղղափառ կայսերական քաղաքականությունը

Կապադովկյան  հայրերը և  ոչ ուղղափառ կայսերական քաղաքականությունը
10.10.2014 | 13:09

4-րդ դարի երկրորդ կեսին Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրում էր իրադարձություններով լի շրջան: Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Մեծը 354 թ. Աշտիշատում գումարում է մի ժողով, որի միջոցով փորձում է կանոնավորել հոգևոր կյանքը հայոց երկրում: Պապ թագավորի գահակալությամբ և 371-ի Ձիրավի ճակատամարտով հայոց պետականությունը ամրապնդվում է, սակայն 373 թ. Ներսես Մեծի մահով և Պապ թագավորի դավադիր սպանությամբ կրկին անկայուն վիճակ է ստեղծվում երկրի ներսում: Այս զարգացող իրադարձություններին զուգահեռ հայոց լեռնաշխահին հարևան Կապադովկիա երկրամասում մեծ թափ էր ստանում արիոսական վարդապետությունը` դառնալով այդ երկրամասում արիոսականության կենտրոններից մեկը: Ոչ ուղղափառ այս վարդապետության կողմնակիցները վայելում էին իրենց համակիր Բյուզանդիայի Վաղես կայսեր բարեհաճությունը, ով ավելի է ամրապնդում նրանց քարոզչությունը: Այն տարածվում է նաև Փոքր Հայքում, որտեղ իշխում էր նրանց կողմն անցած Սեբաստիայի հայոց եպիսկոպոս Եվստաթիոսը:

Այսպիսով Կապադովկիայում և Փոքր Հայքում ծավալվող արիոսականությունը սպառնալիք է ստեղծում Մեծ Հայքի համար: Այն կարող էր դյուրին ներթափանցել ու ծավալվել Մեծ Հայքում, քանի որ հայ հոգևոր և քաղաքական դաշտում տիրում էր անկայուն իրավիճակ: Ծավալվող հոգևոր գաղափարական այդ պայքարում Կապադովկիայում ուղղափառության ջահակիրներն էին երեք հանրաճանաչ եկեղեցական հայրերը` սբ. Բարսեղ Կեսարացին, սբ. Գրիգոր Նազիազանցին և սբ. Գրիգոր Նյուսացին: Նրանք բարեկամական ու ջերմ հարաբերություններ ունեին հայ եկեղեցու հոգևոր հայրերի հետ:
Անշուշտ այս պայքարն իր հետևանքներն էր թողնում նաև Մերձավոր Արևելքի քաղաքական դաշտում ընթացող իրադարձությունների վրա, հատկապես երբ այդ իրադարձություններին խառնվում էին Բյուզանդիայի կայսրերը: Կապադովկյան հայրերը ասպարեզ իջան այնպիսի ժամանակահատվածում, երբ արդեն գումարվել էր առաջին տիեզերաժողովը (325 թ.), որտեղ քննարկվել էր Քրիստոսի աստվածության խնդիրը, և արիոսական աստվածաբանությունը մատնվել էր անհաջողության: Սակայն դրա տարածումը դեռ կասեցված չէր և նույնիսկ առավելություն էր ստանում որոշ եկեղեցական թեմերում, մանավանդ երբ Կ. Պոլսի կայսրերի մեջ հայտնվում էին այնպիսի անձինք, ովքեր առաջնությունը տալիս էին արիոսական վարդապետությանը: Այդ պատճառով թեև ուղղափառ աստվածաբանությունը պաշտոնապես տարել էր իր հաղթանակը առաջին տիեզերաժողովում, բայց ժամանակ առ ժամանակ ստիպված էր պայքարելու քրիստոնեական վարդապետության ճշմարիտ դավանության պահպանման համար:
Ինչպես գիտենք, առաջին տիեզերաժողովին մասնակցում է սբ. Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակեսը, և Հայաստան է բերում ժողովում մեկ հայտարարի եկած հոգևոր հայրերի դավանական որոշումը Քրիստոսի աստվածության վերաբերյալ, որով հայ եկեղեցին իր հավանությունն է արտահայտում Նիկիայի տիեզերաժողովում ընդունած կանոններին: Խնդիրը ծագել էր Ալեքսանդրիայի հոգևորական Արիոսի քարոզչության պատճառով, որը, հենվելով սոսկ փիլիսոփայական և տրամաբանական ռացիոնալ մտածելակերպի վրա, քարոզում էր, թե Քրիստոս աստված չէ, այլ արարած՝ արարչագործությունն իրագործելու համար: Այս տեսությունն արագորեն դուրս է գալիս Եգիպտոսի սահմաններից՝ լինելով մատչելի, ըմբռնելի շատերի համար և սպառնալիք դառնում ընդհանրական եկեղեցու միասնության և ուղղափառ դավանության համար: Աստվածաբանական այդ վեճը վտանգի էր ենթարկում նաև Կ. Պոլսի կայսրության միասնականությունը: Այս պատճառով Կոստանդին կայսրը մտահոգված էր քրիստոնեական աշխարհում տեղի ունեցած այդ առճակատումներից և նրա անմիջական նախաձեռնությամբ գումարվում է առաջին տիեզերաժողովը Նիկիայում, ուր Արիոսը դատապարտվում է: Հատկանշական է, որ արիոսյան վարդապետության մեջ կային այնպիսի նախահիմքեր, որոնք կայսրերը կարող էին օգտագործել իրենց իշխանությունն ամրապնդելու համար: Դա այն էր, ինչպես արդեն նշեցինք, որ ըստ այդ վարդապետության աշխարհ եկած Փրկիչը արարած էր՝ ստեղծված ժամանակներից և դարերից առաջ, և հենվելով այս մոտեցմանը` կայսրերը կարող էին իրենց համարել նույնպես իբրև իրավական փրկիչ աշխարհի` որպես Աստծո որդի, որն ունի հնարավորություն ու կարողություն փոխելու կյանքի ընթացքը, բարելավելու կենսակերպը հասարակության մեջ և այլն: Այսինքն՝ արիոսական վարդապետությունը պարարտ հող էր ստեղծում կառուցելու մի աստվածապետական կայսրություն, ուր լավագույնս կիրառվելու էր կայսրի պաշտամունքը: Այդ իսկ պատճառով որոշ կայսրեր որդեգրում էին այդ դավանությունը: Եվ կայսրերից մեկն էլ Վաղեսն էր, որի գահակալման շրջանը հանգել էր կապադովկյան հայրերի գործունեության հետ, ովքեր արժանի պայքար էին ծավալում Վաղես կայսեր սանձազերծած ագրեսիվ արիոսական քաղաքականության դեմ: Այս առումով նշանակալի է, որ կապադովկյան հայրերը հայտնի են առավելապես երրորդաբանական ու քրիստոսաբանական աստվածաբանությամբ, որոնք անհրաժեշտ հրամայականն էին տվյալ ժամանակաշրջանի դավանական խնդիրները լուսաբանելու և ուղղափառության հիմքերը ամրապնդելու ընդդեմ տարբեր քաղաքական և հոգևոր հարձակումների: Հայ մատենագիրներից Անանիա Շիրակացին իր «Պատմութիւն Անանիայի Շիրակայնւոյ համարողի» երկում անդրադառնում է Վաղես կայսեր գործունեությանը, որը խոչընդոտներ էր ստեղծում ընդհանրական եկեղեցու ուղղափառ դավանության համար: Հայ առաքելական սուրբ եկեղեցին ևս զերծ չէր այդ հարձակումներից, և նկատելիորեն օգտագործվում են երեք մեծ կապադովկիացիների աստվածաբանական մտքերը հայ եկեղեցու դավանական երկերում, հիմնականում ընդդեմ արիոսականության և Ապողինարի քրիստոսաբանական տեսության: Հատկանշական է նաև Կ. Պոլսի երկրորդ տիեզերաժողովը 381 թ., ուր սուրբ Գրիգոր Նազիազանցին կարողանում է ազդեցիկ դերակատարություն ունենալ և պաշտպանել Սուրբ Հոգու աստվածությունը:
Եթե Կ. Պոլսի ոչ ուղղափառ կայսրերը կարողանային վերջնականապես հաստատել արիոսական քաղաքականությունը Կապադովկիայում, ապա այն մեծ սպառնալիք կդառնար հայկական լեռնաշխարհի հոգևոր և քաղաքական կյանքում, մանավանդ որ 387-ին Մեծ Հայքը բաժանվել էր Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև, և Մեծ Հայքի արևմտյան հատվածը գտնվում էր բյուզանդական գերիշխանության ներքո: ՈՒստի, կապադովկյան հայրերի ակտիվ հոգևոր գործունեության շնորհիվ արիոսական քաղաքականությունը մեծ ուժերով չկարողացավ Կապադովկիայից անցում կատարել դեպի Հայկական լեռնաշխարհ:
Արդ, տեսնում ենք, որ Հայկական լեռնաշխարհին հարևան երկրամասում ծնված կապադովկիացի հոգևոր հայրերը նպաստել են համաքրիստոնեական աշխարհի վարդապետական ուղղափառության ամրապնդմանը: Նաև նրանց շնորհիվ ոչ ուղղափառ վարդապետությունը չկարողացավ վերջնականապես դառնալ համակայսերական քաղաքականություն, և այսպիսով արիոսական քաղաքականության պարտադրումը բացառվեց Բյուզանդիայի գերիշխանության ներքո գտնվող հայկական երկրամասում:


Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ